Վարանդայի այս հին բնակավայրի (Արցախի Մարտունիի շրջան) ամենաթանկ արժեքներից է հիասքանչ բնությունը: Գյուղը երեք կողմից շրջապատված է անտառապատ լեռներով, ինչի շնորհիվ հուսալիորեն պաշտպանված է տաք ու սառը քամիներից և ունի առողջ կլիմա:
Պտղատու այգիներով, սառնորակ աղբյուրներով և համատարած անտառներով շրջապատված այս գյուղը ունի նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ: Ժամանակակից բնակավայրի տարածքում եղել են բազմաթիվ հին և համեմատաբար նոր բնակավայրեր. Ննգի, Շեն, Նինգիջան, Մկնակեր, Քոլատակ, Եղցեհող, Հռցաղբյուր:
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին նշանավոր է իր խաչքարներով և վիմագրություններով: Շինարարական արձանագրության համաձայն, կառուցվել է 1858թ., բայց պահպանված հուշարձանները ցույց են տալիս, որ այն կառուցվել ավելի հին եկեղեցու տեղում: Արևմտյան պատում տեղադրված խաչքարը թվագրված է 1523թ., իսկ արևելյան պատի մոտ տեղադրված տապանաքարը` 1777թ.:
Ննգիի հովտում հանդիպում են կենցաղային բնույթի բազմաթիվ հուշարձաններ: Պահպանվել են 22 ջրաղացների հետքեր: Նինգիջանի ջրաղացը Արցախի պատմության մեջ հայտնի է XX դարի սկզբին այնտեղ գործող գաղտնի տպարանով, որը հիմնել էր, ծագումով ննգեցի, Անդրկովկասի և Ռուսաստանի նշանավոր հեղափոխական գործիչ` Բոգդան Կնունյանցը:
Գյուղը հայտնի էր նաև որպես հնագույն բրուտագործական կենտրոն: Բրուտանոցը գտնվում է պտղատու այգում, բարձրորակ կավի հանքի մոտ: Խոսելով Ննգիի խեցեղենի մասին անհնար է չհիշատակել դրանք ստեղծած, հին արվեստի ժառանգորդներին` Խաչունց Պողոսին և նրա եղբայրներ` Պետրոսին և Մուխանին: Բրուտագործ վարպետների արհեստը հաջողությամբ շարունակում էր Ամիրբար Սահակյանը, ում, ժողովրդական դասական նախշերով զարդարված, ստեղծագործությունները հայտնի էին, ինչպես Արցախում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս:
Ննգիի գյուղից ոչ հեռու գտնվում է Բովուրխանավանքը: