Նոր Վարագավանք

Տավուշ
1198 թ.

Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին է գտնվում Նոր Վարագավանք միջնադարյան վանքային համալիրը:

Այն հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-1198թթ.-ին՝ կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Դեղնագույն սրբատաշ քարից շինված եկեղեցին թաղածածկ դահլիճ է և պատկանում է հայկական երկաբսիդ եկեղեցիների հազվադեպ տիպին (Հայաստանում մեզ հայտնի մյուս օրինակներն են Սանահինի Ս. Հարություն և Հերհերի Ս.Սիոն XIIIդ. եկեղեցիները): Ուշագրավ է շքամուտքը՝ զարդարված դռան երկու կողմերում քանդակված խաչքարերով: Անապատ եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից՝ միանավ փոքր մատուռը, իսկ արևմուտքից՝ գավիթը (ծածկը և հարավային պատը չեն պահպանվել):

Վանքի հյուսիսային կողմում կանգուն է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ, 1224-1237թթ.-ին: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղեցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ լուսամուտով: Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից: Վերջինը շքեղ է, հարդարված խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունեցող, կենդանակերպ ու բուսական չկրկնվող քանդակազարդ քարերով:

Եկեղեցուն արևմուտքից կից է 1237-1261թթ.-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառուցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է:

Համալիրի պարսպից 200մ հյուսիս միաբանության գերեզմանոցն է՝ փոքրիկ մատուռով: Վանքը ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրության կառուցել է ոմն Շառա, 1253թ.-ին): Սկզբում Անապատ կոչվող մենաստանը XIIIդ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով հռչակավոր «Սուրբ Նշանը»՝ 1237թ.-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ