Նորավանք

Վայոց Ձոր
XIII-XIV դդ.

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:

Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։

Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։

Համալիրի գլխավոր Ս.Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին)։

Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թ.)։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։ Հատկապես ուշագրավ են պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետեր), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների վրա (կտիտորական կոմպոզիցիա)։ Եկեղեցու ռոտոնդայի սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Նորավանքի գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակները, 1308թ.-ին կերտած խաչքարը)։ Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակների մասին, որոնք կերտված են այլ վարպետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո։

Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված է Աստվածածինը, ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով: Նրանից ձախ, լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ, Եսայի մարգարեն: Գավթի լուսամուտի ճակատակալ քարի կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով: Աստծո այդպիսի պատկերումը աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստված պատկերվում է խորհրդանշական ձևով (օր.` երկնքից իջած Աջի տեսքով): Բարձրաքանդակների հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել և կերտել կանոնիկ պատկերագրության թեմաները, ինչի շնորհիվ Նորավանքի գավթի քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:

XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ