Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնում գտնվում է միմյանց կից կառուցված եկեղեցիներից կազմված վաղ միջնադարյան եզակի համալիր։
Հյուսիսային կողմում 1970-ական թթ. պեղումներով բացված խոշոր միանավ բազիլիկն է (Vդ., պահպանվել են բավական հաստ պատերի ստորին շարքերը)։ Համալիրի հարավային կողմում կանգուն է փոքր, միանավ, թաղածածկ եկեղեցին (VIդ.)։ Երկու բազիլիկների միջև կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆաքարերով կառուցված է խաչաձև գմբեթավոր եկեղեցի (VIդ.)։ Եկեղեցու հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ, պատերի մեջ բազմաթիվ խորշերով թաքստոցներ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաքստոցները բազիլիկներին կից լինելու պատճառով սեղանաձև են։ Պատերի քարերի վրա կան վարպետների նշաններ։ Քանդակազարդ են գմբեթի երկրորդ շարքի տրոմպները։ Միակ՝ արևմտյան մուտքի տիմպանին քանդակված են Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին, նրա առջև՝ բազկատարած կտիտորը, վերևում՝ հրեշտակներ։ Իր հորինվածքով այս եկեղեցին բացառիկ է հայ վաղ միջնադարյան արվեստում։
Պեմզաշենից հարավ-արևելք, Լեռնակերտի ճանապարհին, գտնվում է Մակարավանքի Ս.Սիոն եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել է ոմն Սահակը, 1001թ.-ին։ Եկեղեցու շուրջը վանքի հին գերեզմանոցն է։ Ոչ հեռու, ձորի մեջ, Ս.Աստվածածին միանավ, թաղածածկ եկեղեցին է (XVIIդ.)։
Պեմզաշենի տարածքում է գտնվում Առաքելոց վանքի (XIդ.) եկեղեցին։ Միակ՝ արևմտյան մուտքի առջև սրահ է կառուցված եղել։ Վանքի մյուս շենքերն ավերված են, պահպանվել են միայն զանգակատան ստորին մասը։ Վանքից արևմուտք Վահրամ Պահլավունու եղբայր Աբլղարիբի մահարձանն է՝ եռաստիճան պատվանդանի վրա բարձրացող գեղաքանդակ խոշոր խաչքարով (կառուցել է Սարգիս վարդապետը 1036թ.-ին)։
Պեմզաշենի հարավ-արևելյան կողմում հին գերեզմանատունն է՝ XIII-XIVդդ. խաչքարերով։ Ավանի հարավ-արևելյան բլրի գագաթին կան միջնադարյան ամրոցի պարիսպների հետքեր։ 1940թ.-ին Պեմզաշենում գտնվել է մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրերի (հիմնականում՝ զանազան տեսակի նետասլաքներ, զարդեր) հարուստ հավաքածու։