Ծաղկավան գյուղի մոտ է Շխմուրադի վանքային համալիրը (XII-XIIIդդ.)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։
Եկեղեցին (1181թ.) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Գյուղի տարածքում պահպանվել են նաև ամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ։