Շուշին հպարտորեն բազմել է բարձրադիր սարահարթի վրա: Շուշիի ամրոցը (XVIIIդ.) պատկանում էր Վարանդայի տիրակալ` Մելիք-Շախնազարյաններին:
Պարիսպների պատերը ձգվում են 2,5կմ. սկսվում են սարահարթի հարավ-արևմտյան մասում խոյացող բարձր ժայռերից, զառիվեր լանջերով իջնում են ձորը և արևելքից կրկին ձուլվում են ուղղաձիգ ժայռերի հետ: Շուշիի մնացած կողմերը պաշտպանված են զառիվեր ժայռերով:
Հին ժամանկների ռազմական տեխնիկայի համար անմատչելի այդ պարիսպները կառուցված էին կրաքարից: 7-8մ բարձրությամբ պատերը ուժեղացված էին կիսակլոր աշտարակներով:
Քաղաք-ամրոցը միջնադարյան Արցախի նմանատիպ այլ կառույցների նման ունեցել է իր գաղտնուղին: Ժայռերի մեջ փորած աստիճանը սկսվում էր հարավային Երևանյան դարպասների մոտ և անցնելով քարանձավների բավիղների միջով դուրս էր գալիս Կարկառ գետի ձորը:
Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր էին խաղացել ամրություններից հարավ գտնվող բազմաթիվ քարանձավները: