Թալինի Կաթողիկե եկեղեցի

Արագածոտն
VII դ.

Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում։

Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։ Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերին են երկու քառակուսի խորաները, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:

Մեծաչափ կառույցի ներսը օդաշատ է և լուսողող (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ): Կառուցվածքը, բարեհնչյուն համաչափությունների, ընտրված կոմպոզիցիոն միջոցների շնորհիվ դիտողին համակում է ներդաշնակության, հավասարակշռվածության տրամադրությամբ։ Ի տարբերություն հայկական հոգևոր, V-VIIդդ. ճարտարապետության զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների, Թալինի Կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական։ Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր (տեղ-տեղ պահպանվել է)։

Հատկապես շքեղորեն, սակայն մեծ նրբանկատությամբ է լուծված արևմտյան ճակատը։ Ներսում քադակները գրեթե բացակայում է, նրան փոխարինել են որմնանկարները (Ավագ խորանում թույլ նշմարելի են Աստվածամոր պատկերը, սրբապատկեր մեդալիոններ և այլն)։ Ներսում պահպանվել են արձանագրություններ՝ աղբյուր բերելու (774), ընծայատվության (1041) և մակագրություն՝ Կաթողիկեն «կենդանագրելու» վերաբերյալ։ Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արևմուտքից երևում է Արտենի լեռը, իսկ հյուսիսից բլուրներ են։ Տաճարի գմբեթը ավերվել է 1840թ-ի երկրաշարժից։ 1947-ից տաճարը մասնակի վերանորոգվել է։

1866-ին Թալինում կառուցվել է Ս.Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիսավեր Կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր։

Կաթողիկեից արևմուտք և հյուսիս ընդարձակ տարածություն է գրավում IV-VII և հետագա դարերի նեկրոպոլիսը, ուր եղել են բազմաթիվ քառակող, պատվանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով:

Կաթողիկեի հյուսիսային ճակատից մի քանի մետրի վրա, վերջին մասնակի վերանորոգման (1970-1975), մաքրման աշխատանքների ընթացքում, բացվել են միանավ, արևելքից խորան ունեցող կառույցի (հավանաբար՝ թաղածածկ մատուռ) ավերակներ:

Կաթողիկեից դեպի հյուսիս, 1,5կմ վրա, լեռնանման մի բլուրի (գյուղացիներն անցյալում անվանել են Կյուլեկ-թափա) արևմտյան ավելի բարձր մասում եղել է կիկլոպյան պարսպով շրջապատված, նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամրոց-միջնաբերդ, որի արևելյան մասում բերդը և բերդաքաղաքն էին։ Բլուրի հարավային լանջին պահպանվել են բնակարանների հիմքեր, իսկ հյուսիսային լանջին՝ գերեզմաններ, որոնցից ցած, բլուրի ստորոտին կան բազմաթիվ ձվաձև հատակագծով կրոմլեխներ։

Թալինից Դաշտադեմ (նախկին Ներքին Թալին) տանող ճանապարհի վրա է գտնվում միջնադարյան նշանավոր քարավանատներից մեկը (XII-XIIIդդ.):


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ