Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ:
XVIIդ.-ի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660թ.-ին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։ Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։
Անապատի հարավ-արևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։