Աշտարակի այն մասում, որը առաջ անվանվել է ամրոցային, կանգնած է այստեղի ամենահին եկեղեցին` Ծիրանավորը։ Կառուցել է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսը։
Ծիրանավորը (Ս.Աստվածածին) ուղղանկյուն հատակագծով, պայտաձև խորանով, նրանից աջ ու ձախ երկու ավանդատներով, թաղածածկ եռանավ բազիլիկ է։ Հետագա դարերում հյուսիսային և արևմտյան պատերը կրկնակել են, հարավից ավելացրել հրակնատներ և օգտագործել որպես ամրույթ։ Պահպանվել են որմերը, խորանը՝ սենյակներով և հարավային նավը։ Ներքուստ նշմարելի է արևմտյան զույգ լուսամուտը։ Արևելյան ճակատին կան ատամնաշար քիվի մնացորդներ։
Հին բազիլիկը շրջապատված է եղել պարիսպներով, որոնք շինությանը հաղորդել էին դղյակի տեսք: Գտնվելով Քասաղ գետի ձորի եզրին, այն կատարել է նաև պատշտպանողական կառույցի դեր, այդ պատճառով անվանվել է նաև Փոկաբերդ:
Ծիրանավորի մոտակայքում գտնվում է Սպիտակավոր եկեղեցին (V-VIդդ.):