Որոտնաբերդ

Սյունիք
V դ.

Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։

Եղիշեն (Vդ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450թ.-ին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094թթ.-ին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104թ.-ին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219թ.-ին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386թ.-ին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407թ.-ին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724թ.-ին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։

Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք - հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները)։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով։ Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող գույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2մ բարձրությամբ)։

Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855թ.)։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ