Աշտարակի շրջանը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ, ինչը առավելագույնս նպաստեց մշակույթի զարգացմանը:
Օշական գյուղը մեծ նշանակություն ունի ամեն հայի համար, քանզի այստեղ է գտնվում հայ գրերի ստեղծող` Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Բայց Օշականը բնակեցված է եղել դեռ շատ վաղ ժամանակշրջանից և ունեցել է կարևոր ռազմաքաղաքական նշանակություն, ինչի վառ ապացույցններն են, գյուղի կենտրոնում գտնվող, Դիդի Կոնդ բլրի ամրոցը, պեղված դամբարանները և, Քասաղ գետի վրա կառուցված, միջնադարյան հնգաթռիչք կամուրջը:
Ճանապարհին կմտնենք Ագարակի հնավայրը, ուր պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հուշարձաններ՝ գինու հնձան, հին բնակավարյեր, ժայռափոր գերեզմանադաշտ և «հնամյա փողոցների հազարամյա քարերի» բացառիկ օրինակներ:
Կոշ գյուղը հիշատակվում է Մովսես Խորոնացու կողմից IV դարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Գյուղի եզրին խոյանում է ամրոցը, իսկ ձորակում պահպանվել է որմնանկարազարդ Ս.Ստեփանոս եկեղեցին:
VII դարում կառուցված Արուճի տաճարը ապշեցնում է իր ընդարձակ հորինվածքով և ներսում պահպանված VII դարի որմնանկարներով: Տարբեր դարերին կառուցված ամրոցների հատվածները լավ պատկերացում են տալիս բնակավայրի նշանակության մասին, որը որոշ ժամանակ եղել է նաև Հայաստանի կառավարչի նստավայր: