Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Իշխանության մարմինների ձևավորումըԱզգային բանակի ստեղծումը

Ազգային բանակի ստեղծումը

Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը՝ կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։

Բաթումի պայմանագրից հետո Թ՛ուրքիայի պահանջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873–1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։

Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարաձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազգային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։

1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում։ Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում՝ 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։

Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ