Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքըՍոցիալ-տնտեսական դրությունը

Սոցիալ-տնտեսական դրությունը

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց սոցիալ-տնտեսական ծանր դրության մեջ։ Առաջին աշխարհամարտի և թուրքական արշավանքի հետևանքով ավերված ու քայքայված հանրապետության փոքր տարածքում պատսպարվում էին 300 հազարից ավելի գաղթականներ։ Մոլեգնում էին սովն ու համաճարակային հիվանդությունները, գլուխ էին բարձրացրել անիշխանական երևույթները։ Ահա այս վիճակը նկատի ուներ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին, երբ խորհրդարանում երկրի կացությունը բնութագրեց որպես «անձև քաոս և ավերակների կույտ»։

Հայաստանի տնտեսությունը թույլ էր զարգացած։ Իզուր չէ, որ այն ժամանակին համարվում էր Ռուսական կայսրության հետամնաց մի երկրամաս։ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով առանց այն էլ թույլ տնտեսությունը կազմալուծվել էր։ Թուրք–թաթարական շրջափակումների հետևանքով կտրվել էր արտաքին կապը, չկար ապրանքների կանոնավոր արտահանում և ներմուծում։ Բնականաբար անխուսափելի էին սովը և դրան ուղեկից համաճարակային հիվանդությունները՝ տիֆը և խոլերան։ 1918–1919թթ. ձմռանը հանրապետության մեկմիլիոնանոց բնակչության շուրջ կեսը մատնված էր սովի։ Արդյունքում՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սովը, ցուրտը և համաճարակային հիվանդությունները խլեցին շուրջ 180 հազար մարդու կյանք, որոնց մեծ մասը գաղթականներ էին։ Համաճարակ հիվանդությունից մահացավ նաև հայ մեծագույն գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։

Ժողովրդի ֆիզիկական գոյությունը մի կերպ պահպանելու համար կառավարությունը հարկադրված ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցներ։ Կենսականորեն անհրաժեշտ մի շարք մթերքների՝ հացի, բամբակի, շաքարի, աղի, գետնախնձորի և այլնի վաճառքի նկատմամբ սահմանվեց պետական մենաշնորհ։ Մի շարք դեպքերում պարզապես կատարվում էին ունևոր մարդկանց ունեցվածքի բռնագրավումներ, որպեսզի դրանք բաժանվեին սովյալներին ու անտուններին։ Դրսից օգնություն ստանալու նպատակով Ամերիկա մեկնեց Հովհ. Քաջազնունին, որին վարչապետի պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը (1876–1945)։

Այդ ծանր վիճակը շարունակվեց մինչև 1919թ. մայիս, մինչև որ Հայաստան հասցվեց ԱՄՆ-ի օգնությունը՝ 1,3 մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն, ինչպես նաև շաքար, ձեթ, թեյ, կակաո և այլ պարենամթերք։ Ամերիկյան ալյուրը մեղմեց սովը, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ բարելավվեց։ Երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռանում ամերիկյան մարդասիրական օգնությունը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ