Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքըԿրթամշակութային կյանքը

Կրթամշակութային կյանքը

Դրական տեղաշարժեր կատարվեցին մշակութային կյանքում։ Հայոց անկախ պետականության վերականգնումը հայրենիք վերադառնալու նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ մտավորականության համար։ Հայաստան եկան կամ տեղում գործում էին գիտության ու մշակույթի բազում գործիչներ՝ Ալ. Թամանյանը, Թ. Թորամանյանը, Հ. Աբելյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ն. Աղբալյանը, Լ. Շանթը, Յու. Ղամբարյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ։ Նրանք լծվեցին գիտակրթական գործի բարելավմանը։

Առաջընթաց ապրեց կրթական գործը։ Դպրոցական համակարգը դարձավ երկաստիճան՝ տարրական և միջնակարգ։ Եթե 1918/19 ուստարում Հայաստանն ուներ 130 տարրական դպրոց՝ 11 հազար աշակերտով, ապա 1919/20 ուստարում՝ 450 դպրոց՝ 41 հազար աշակերտով։ Հանրապետությունում գործում էր 20 միջնակարգ դպրոց՝ 5000-ից ավելի սովորողներով։ 1920թ. հունվարից տարրական դպրոցներում սահմանվեց անվճար կրթություն։

Հայաստանի ազգային-մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն էր պետական համալսարանի հիմնադրումը։ 1920թ. հունվարին, համալսարանի հանդիսավոր բացման ժամանակ, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը արտահայտեց հետևյալ միտքը, որ մենք կործանեցինք բռնության շղթան, իսկ այժմ եկել է ժամանակը փշրելու տգիտության շղթան։ Համալսարանի ռեկտոր նշանակվեց նշանավոր իրավագետ, պրոֆեսոր Յու. Ղամբարյանը։ Հայաստանի համալսարանի ծնունդը խորհրդանշեց հայ ժողովրդի վերածնունդը։

Համազգային արժեք էր պետական պատկերասրահի, ազգային գրադարանի, հնագիտական, ազգագրական և այլ թանգարանների բացումը։ Ծրագրվում էր Երևանում հիմնել կոնսերվատորիա, պետական թատրոն, բժշկական, գյուղատնտեսական կրթօջախներ, Ալեքսանդրապոլում՝ գեղարվեստի ուսումնարան, Կարսում՝ ռազմական գիմնազիա և այլն։

Այսպիսով, Հայաստանի ներքին տնտեսական և մշակութային կյանքում փոփոխությունները ակնբախ էին։ Չնայած հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր դրությանը, այնուամենայնիվ, կարճ ժամանակում հնարավոր եղավ դնել տնտեսության հիմքերը, հայացնել հայրենիքը, տեղաշարժեր արձանագրել կրթամշակութային ոլորտում, բացել համալսարան և այլն։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ