Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Այդուհանդերձ նկատվում էր հասարակական կյանքի աշխուժացում։ Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում լույս էին տեսնում մի քանի տասնյակ անուն պարբերականներ, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի առօրյան։ Կառավարությունը հիմնականում ապահովում էր խոսքի ու մամուլի ազատությունը։
Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ (սահմանադրական) ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական (էսէռ), Սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ, բոլշևիկ) կուսակցությունները։ Հանրապետությունում շատ չնչին էր Ս. Դ. Հնչակ կուսակցության դերակատարությունը։
Կուսակցությունների կողքին կային հասարակական զանազան կազմակերպություններ ու միություններ՝ արհեստակցական, Կարմիր խաչի, կանանց, աշակերտական, այդ թվում՝ սկաուտական և այլն։
Ինչպես արդեն գիտենք, կառավարությունը և խորհրդարանը ձևավորվում էին ժողովրդավարական երկրներին բնորոշ կուսակցական սկզբունքներով։ Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը։ Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար Դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական (կոալիցիոն) կառավարություն կազմեց Հայ ժողովրդական կուսակցությունը։ Վերջինս Դաշնակցության պես պաշտպանում էր Արևելյան և Արևմտյան Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը։ Այդ ծրագիրն էր պաշտպանում նաև Հայ ռամկավարների կուսակցությունը։ Ռամկավարները արտահայտում էին գերազանցապես հայ գաղթականների շահերը։
1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու մասին։ Այդ գաղափարը կենսագործելու նպատակով Հայաստանի կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը՝ 1919թ. մայիսի 28-ին պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման մասին։ Սակայն այդ հռչակագիրը կուսակցությունների միջև առաջ բերեց սուր տարաձայնություններ, որովհետև ընդունվել էր առանց խորհրդարանի գիտության։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։ Դրանով քայքայվեց կոալիցիան։ Դաշնակցությունը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ղեկը և պատասխանատվությունը։
1919թ. կեսերից կառավարության հանդեպ ընդդիմությունը ուժեղացավ։ Առավել ընդդիմադիր ու անհաշտ էին Հայաստանի բոլշևիկները։ Նրանք առաջնորդվում էին ծայրահեղ հեղափոխական գաղափարներով ու գործելակերպով և ձգտում էին դրսի օգնությամբ, բռնի ուժով գրավել իշխանությունը։