Հայաստանում տնտեսության վերակառուցմանը զուգահեռ շարունակվում էր նոր ձեռնարկությունների կառուցումը։ 1946–1950-ական թթ. Հայաստանում կառուցվեցին Երևանի կաբելի, էլեկտրամեքենաշինական, ալյումինի, հիդրոտուրբինների, ավտովերանորոգման, Գյումրիի հեծանիվի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ։
1950թ. հանրապետության արդյունաբերական արտադրանքը 1945թ. համեմատ աճեց շուրջ երեք անգամ։ Արդյունաբերության վերելքը ապահովելու համար 1950-ական թվականներին կազմակերպվեցին ժողովրդական տնտեսության խորհուրդներ։ Նրանց հիմնական խնդիրն էր՝ նկատի ունենալով տեղական առանձնահատկությունները՝ ճիշտ տեղաբաշխել ձեռնարկությունները և արդյունավետ օգտագործել հումքն ու աշխատուժը։ Այդ տարիներին հանրապետությունում ձևավորվեցին և զարգացան արդյունաբերության նոր ճյուղեր, որոնք հետագայում կարևոր դեր խաղացին տնտեսության մեջ։
Պատերազմին հաջորդող տարիներին հանրապետության տնտեսության վերակառուցման և զարգացման մեջ նշանակալի ավանդ ունեն ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը, որն այդ պաշտոնը վարում էր 1937–1953թթ., ինչպես և նրան հաջորդած Սուրեն Թովմասյանը (1953–1960թթ.)։
Նախորդ շրջանում հիմքեր էին դրվել Հայաստանում քիմիական արդյունաբերությունը արմատավորելու համար։ 1958թ. ԽՍՀՄ կառավարությունը որոշում ընդունեց քիմիական արդյունաբերության զարգացման մասին։ Այդ քաղաքականության հետևանքով մինչև 1980-ական թվականների վերջը Հայաստանի քիմիական ձեռնարկությունների թիվը հասավ 46-ի։ Գործարկվեցին Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու և Կիրովականի քիմիական ձեռնարկությունները։
Հետպատերազմյան շրջանում արտադրության զարգացման շնորհիվ Հայաստանը հետզհետե ագրարային երկրից դառնում էր արդյունաբերական հանրապետություն։ 1960-1980–ական թվականներին հանրապետությունում կառուցվեցին 390-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանում կառուցվեցին մի շարք նոր քաղաքներ, որոնք դարձան արդյունաբերության կենտրոններ։ Դրանցից էին Չարենցավանը, Հրազդանը, Աբովյանը և այլն։
Այդ նույն ժամանակ բարելավվեց հանրապետության տրանսպորտային համակարգը։ Կառուցվեցին ավտոմայրուղիներ, Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները։ Կառուցվեցին Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի օդանավակայանները։ Արդյունաբերության կենտրոնացումը քաղաքներում նպաստեց քաղաքային բնակչության աճին։ Հանրապետության 27 քաղաքներում և 31 քաղաքատիպ ավաններում կենտրոնացված էր ազգաբնակչության 2/3-ը։
Հայաստանի արդյունաբերության ամենախոշոր կենտրոնը մայրաքաղաք Երևանն էր։ Այստեղ էին գտնվում ամենահզոր գործարարների մեծ մասը։ Այդ պատճառով արհեստականորեն ավելանում էր քաղաքի ազգաբնակչության թվաքանակը։ 1990թ. Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը բնակվում էր Երևանում։
Արդյունաբերության զարգացումը առաջ բերեց բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ Դրանցից առաջինը Սևանի հիմնահարցն էր։ Հրազդան գետի վրա կառուցված հէկերը աշխատում էին Սևանի ջրի հաշվին, և դրա բացթողման հետևանքով իջել էր լճի ջրի մակարդակը։ Այդ հիմնախնդրի լուծմանը որոշ չափով նպաստեց Արփա-Սևան ջրատար թունելի, ջէկերի և Հայկական ատոմակայանի կառուցումը։ Այդուհանդերձ, Սևանի հիմնախնդիրը մինչև այժմ լիովին լուծված չէ։
Չնայած Հայաստանում արդյունաբերական նոր ճյուղերի՝ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, հաստոցաշինության առաջացմանը՝ հանրապետության գրեթե ողջ արդյունաբերական համալիրը կախման մեջ էր միութենական կենտրոնից և մյուս հանրապետություններից։ Հայաստանը չուներ իր հումքը, և արտադրանքը վերջնական, ավարտուն չէր։