Հայրենական պատերազմի եռուն շրջանում՝ 1943թ., հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Նրա հիմնադիր անդամների մեջ էին գիտության տարբեր բնագավառների մեծանուն մասնագետներ Լևոն և Հովսեփ Օրբելիները, Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, Վիկտոր Համբարձումյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։ Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտ ընտրվեց արևելագետ Հովսեփ Օրբելին, որին 1947թ. փոխարինեց աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։
Գիտությունների ակադեմիայի ստեղծումը նոր թափ հաղորդեց գիտական հաստատությունների ուժերը միավորելուն և խթանեց հանրապետությունում գիտության զարգացումը։
Տեսական և կիրառական մաթեմատիկայի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները հանգեցրին լայն ճանաչման արժանացած մաթեմատիկական դպրոցի ստեղծմանը։ Ֆիզիկայի տարբեր բնագավառներում կատարված հետազոտությունների հիման վրա զարգացան արտադրության միանգամայն նոր ճյուղեր՝ կիբեռնետիկան, ռադիոտեխնիկական և էլեկտրոնային արտադրությունը։
Աստղագիտության բնագավառում կատարվող ուսումնասիրությունները լայն ճանաչման արժանացան։ Բյուրականի աստղադիտարանը ակադեմիկոս Վ.Համբարձումյանի գլխավորությամբ դարձավ համաշխարհային հնչեղություն ունեցող աստղագիտության կենտրոն։
Նշանակալի հաջողություններ ձեռք բերվեցին քիմիական և կենսաբանական գիտությունների ասպարեզում։
Լուրջ ձեռքբերումներ արձանագրվեցին հայագիտության տարբեր բնագավառներում՝ հայ ժողովրդի պատմության, լեզվի, գրականության, կերպարվեստի, երաժշտության և մյուս ասպարեզներում։ Գաղափարական հարկադրանքի թուլացման պայմաններում 1950-ական թվականների վերջերից պատմաբանները սկսեցին Հայկական հարցի, ազգային ազատագրական պայքարի, հայկական գաղթավայրերի և սփյուռքի պատմության ուսումնասիրությունը։ Պատմագրության ասպարեզում կատարված ուսումնասիրությունների հիմքի վրա ստեղծվեց «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակը, որը մեր ժողովրդի ամբողջական պատմությանը նվիրված, նախադեպը չունեցող ծանրակշիռ կոլեկտիվ աշխատություն էր։ Նույն ձևով ստեղծվեց «Հայ Նոր գրականության պատմություն» հինգհատորյակը և այլն։ Արժեքավոր աշխատություններ ստեղծվեցին հայոց լեզվի պատմության, քերականության վերաբերյալ։ Հրատարակվեցին մի շարք արժեքավոր բառարաններ։ Արվեստագետները ստեղծեցին հայ երաժշտությանը, թատրոնին, կերպարվեստին նվիրված աշխատություններ։
Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական հիմնարկության և, տեղափոխվելով ձեռագրերի պահպանության հարմարավետ շենք, սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրության ու հրատարակման գործով։
Հանրապետության կյանքում նշանակալի երևույթ էր 12 հատորով «Հայկական հանրագիտարանի» ստեղծումը։