Մշակութային կյանքի, գիտության և կրթության առաջընթացի համար ինչպես արդեն ասվել է, նպաստավոր պայմաններ էին ստեղծվել Խորհրդային Միության գոյության պայմաններում։
Հայաստանի անկախացումից հետո ստեղծված տնտեսական ծանր վիճակը, ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը։ Ընդհատվեցին գիտության և արտադրության միջև գոյություն ունեցող կապերը, փլուզվեցին ժամանակին մեծ համբավ ձեռք բերած գիտական դպրոցները։ Խաթարվեց գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության՝ տասնամյակների ընթացքում ձևավորված համակարգը։ Հանրապետությունում տարվող բարեփոխումների ընդհանուր հայեցակետում գիտությունը դիտարկվում էր որպես չափազանց ծախսատար և փաստորեն պետական միջոցներից ֆինանսավորվում էր մնացորդային սկզբունքով։
Հանրապետության գիտական համալիրի քայքայումը հանգեցրեց գիտական կադրերի («ուղեղների») արտահոսքի։
Արտասահման մեկնելուց զատ կատարվում էր նաև ներքին արտահոսք։ Գիտական աշխատողներից շատերը թողնում էին գիտական ոլորտը և տեղափոխվում գործունեության այլ ասպարեզներ, որտեղ հնարավոր էր քիչ թե շատ վաստակ ունենալ։
Փոփոխություններ կատարվեցին նաև կրթության համակարգում։ 1991 թվականից Հայաստանի հանրապետության կրթության համակարգը, ժառանգելով խորհրդային կրթական համակարգը, անցավ դժվարին փոփոխությունների փուլ։ Անկախությանը հաջորդած առաջին տարիները կարելի է բնորոշել որպես համակարգի գոյատևման և խորհրդային տարիների կրթական ձեռքբերումների պահպանման ժամանակաշրջան։ 1995-1998 և ապա 2003 թվականներին երկրի տնտեսական աստիճանական զարգացմանը զուգընթաց սկսվեցին կրթական ոլորտի վերափոխումները։
Դպրոցական միջնակարգ (կամ ընդհանուր) կրթությունը բաժանվեց երեք աստիճանների՝ տարրական (3-4), միջնակարգ կամ հիմնական (5 տարի) և ավագ (2 տարի)։ 2001 թվականին ուսումը դարձավ 11-ամյա, իսկ 2006-ին՝ 12-ամյա (տարրական՝ 4 տարի, հիմնական՝ 5 տարի և ավագ դպրոց՝ 3 տարի)։ 2006 թվականից հանրապետությունում գործում են 1417 դպրոցներ, 475,5 հազար աշակերտներով։
Ուսուցումը դպրոցներում ազատվեց կոմունիստական գաղափարախոսության կաշկանդումներից։ Պետությունը չէր խոչընդոտում տարբեր տիպի դպրոցների, այդ թվում՝ մասնավոր դպրոցների ստեղծմանը։ 2006 թվականին նման դպրոցների թիվը հասավ 40-ի, որտեղ սովորում է 6541 աշակերտ։
Փոփոխություններ կատարվեցին հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում։ Բուհերը հիմնականում անցան ուսման նոր՝ եռաստիճան համակարգին՝ բակալավրիատ՝ 4 տարի (որը տալիս է թերի բարձրագույն կրթություն), մագիստրատուրա՝ 2 տարի (բարձր որակավորման մասնագետների պատրաստում) և ասպիրանտուրա (կադրերի պատրաստում բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համար)։
Փորձեր ձեռնարկվեցին բուհերի ինքնուրույնությունն ընդլայնելու ուղղությամբ, ընդարձակվեց դրանց համագործակցությունն արտասահմանյան ուսումնական և գիտական հաստատությունների հետ։
1990 թվականից սկսած արդեն անկախացման ուղին բռնած Հայաստանի մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեց վճարովի ուսուցման համակարգը։ Այն, չնայած բնակչության ծանր վիճակին և պետության նվազագույն ֆինանսավորմանը, հնարավորություն տվեց պահպանել, իսկ ապա զարգացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը։
1991 թվականից մինչև 2005–2006թթ. ուս. տարին պետական բուհերում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների քանակը աճել է 73%-ով։
Նոր տնտեսական համակարգի պայմաններում բացվեցին բազմաթիվ մասնավոր համալսարաններ ու քոլեջներ, որոնց մեծ մասի մակարդակը շատ հեռու է բուհերին ներկայացվող պահանջներից։ Եթե 1991թ. ՀՀ-ում կար 10 մասնավոր բուհ 3200 ուսանողներով, ապա 2006-ին՝ 67 բուհ 24500 ուսանողներով։
Հայաստանում գործում են 2004–2006թթ. վերաբացված կամ հիմնադրված 28 արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև 16 քոլեջներ։
Անկախության հռչակումից հետո վերացվեցին գաղափարական այն կապանքները, որոնք կաշկանդում էին մշակույթի, մասնավորապես՝ ազգային մշակույթի զարգացումը։ Ստեղծվեցին ազատ ստեղծագործելու հնարավորություններ։ Բայց առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ հոգևոր կյանքի վրա։ Ճգնաժամ ապրեցին հայ թատրոնը և կինոն, խաթարվեց մշակութային կապերի զարգացումը։
Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հայոց մշակույթն անկում ապրեց։ Չնայած դժվարին պայմաններին, այնուամենայնիվ, արվեստի նվիրյալները ամեն կերպ ձգտում են համընթաց քայլել ժամանակի հետ։ Հաջողություններ են արձանագրում Հայաստանի թատրոնները, երգի և պարի համույթները, ստեղծագործական ուրիշ կոլեկտիվներ։
Սոցիալ-տնտեսական դժվարություններն ու ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցան առողջապահության ոլորտի վրա։ Բնակչության սուղ միջոցների պայմաններում առողջապահության համակարգը հիմնականում դարձավ վճարովի։