Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներինԱդրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը

Որոշ կազմակերպական աշխատանքներ տանելուց հետո ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. ձմռանից սկսած ձեռնամուխ եղան քաղաքամերձ կրակակետերի ոչնչացմանը։ Դաժան մարտերից հետո 1992թ. հունվարին ազատվեց Ատեփանակերտի արվարձան Կրկժանը։ Հայ ազատամարտիկներին հաջողվեց փետրվարին ոչնչացնել Խոջալուի ռազմական խմբավորումը և գրավել այն։ Դա ադրբեջանցիների առաջին խոշոր պարտություն էր, որտեղ մեծ թվով զոհեր տալով նրանք խուճապի էին մատնվել։ Հաջորդը Շուշին էր, որի իշխող դիրքն օգտագործելով, շուրջ երկու տարի նրանք այնտեղից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը։

1992թ. մայիսի սկզբներին մշակվեց Շուշիի ազատագրման ծրագիրը։ Նախատեսվում էր Շուշիի վրա հարձակվել չորս ուղղությամբ և հանկարծակիի եկած թշնամուց ազատագրել քաղաքը։ Արցախի ազատամարտիկները գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացրին մարտական գործողությունները և մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց քաղաքը՝ թշնամուց մաքրելով նաև Շուշիի մերձակա գյուղերը։ Այս մարտերում իրենց հերոսությամբ աչքի ընկան բազմաթիվ հայ հերոսամարտիկներ, որոնց թվում էին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած Գագիկ Ստեփանյանը, Արթուր Ղարիբյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր) և ուրիշներ։

Հետապնդելով խուճապի մատնված հակառակորդին՝ մի քանի օրվա ընթացքում Արցախի ազատամարտիկները, ճեղքելով շրջափակման օղակը, գրավեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինը և նրա շրջակա գյուղերը։ Դրանով Ղարաբաղը սահմանակից դարձավ Հայաստանի Հանրապետությանը։ Լաչինի միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այդքանով ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։ Դարաբաղյան ազատագրական պայքարը նոր փուլ թևակոխեց։ Շուշիի ու Լաչինի ազատագրումը մեծապես նպաստեց ժողովրդի և ազատամարտիկների մարտական ոգու բարձրացմանը, ինչպես նաև բարոյահոգեբանական լուրջ հարված հասցրեց հակառակորդին։ Շուշիի հերոսական գործողությունները նպաստեցին ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացի ավարտին։

1992թ. ամռանը ադրբեջանական կանոնավոր բանակը օտարերկրյա վարձկանների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ԼՂՀ հյուսիսային մասում։ Հակառակորդին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը։

Այս շրջաններից մազապուրծ գաղթականների նոր խմբեր հայտնվեցին Հայաստանում և Արցախում։ Ադրբեջանցիների կողմից գրավված տարածքներում սկսվեց պարտիզանական շարժում։ 1992թ. ամռանը ռազմական դրություն հայտարարվեց ԼՂՀ տարածքում։ Օգոստոսի 15-ին ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։ Հետագայում՝ 1994թ. դեկտեմբերին, Ռ. Քոչարյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվեց հանրապետության նախագահ։

Կարգավորվեց տնտեսական վիճակը, կազմակերպվեց մարտունակ բանակ։ Ձեռնարկված միջոցառումները շուտով տվեցին դրական արդյունքներ։ Վերախմբավորելով ուժերը, ԼՂ ինքնապաշտպանական բանակը կարողացավ թշնամու բազմահազարանոց ուժերին կանգնեցնել բնագծում և անցնել հակահարձակման։ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին ղարաբաղյան ուժերի ճնշման տակ թշնամին ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) տարածքները։ Արդեն 1993թ. ամռանը հայ ազատամարտիկներն ազատագրեցին Մարտակերտի շրջանի գրաված տարածքները և լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂՀ պետական սահմաններն ամրապնդելու, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ադրբեջանական ստորաբաժանումները մեծ թվով զոհեր տալով նահանջում էին ռազմական գործողությունների շրջաններից՝ ռազմադաշտում թողնելով մեծ քանակությամբ տեխնիկա։ Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։

Ադրբեջանը պարտադրված էր իշխանափոխություն կատարել։ Ադրբեջանի նախագահ դարձավ Հ. Ալիևը։ Վերջինս ժամանակ շահելու նպատակով իբր սկսեց զինադադարի գործընթաց, իրականում ուժեղացրեց հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը։ 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ փորձելով բեկում առաջացնել ռազմական գործողությունների մեջ։ Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով։ Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ։

Սակայն ավելի քան մեկամսյա համառ մարտերի ընթացքում թշնամին չկարողացավ որևէ լուրջ հաջողության հասնել։ Նրան չհաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ։ 1994թ. փետրվարի կեսերից արցախյան ուժերը անցան հակահարձակման և ազատագրեցին Օմարի լեռնանցքը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների բնակավայրերը։ Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա։ Ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ. մայիսին զինադադար կնքել, որը պահպանվում է մինչև այժմ։

Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հաջորդ՝ բանակցային փուլը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ