Մայր աթոռ Ս.Էջմիածին

Արմավիր
303 թ.

Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):

Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298-330թթ.) և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշան։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է։ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում։ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)։ Այժմյան գմբեթը հավանաբար XVIIդ. վերակառուցման արգասիք է։ Շահ Աբբասը, հայերին բռնի կերպով Պարսկաստան գաղթեցնելուց հետո, ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար՝ մտադրվելով հայերին կապել նոր բնակատեղիին։ Սակայն հետագայում որոշվեց տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, նաև Լուսավորչի Աջը), որոնք և քանդվեցին ու տեղափոխվեցին Ջուղա։ Այս ամենը ավելի քայքայեց դարերի ընթացքում խարխլված տաճարը։ Մովսես Գ Տաթևացի (1629-1632թթ.) կաթողիկոսի օրոք վերանորոգվեցին գմբեթը, առաստաղը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, սեղանատուն, այլ շենքեր։ 1654թ.-ին Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց 1658թ.-ին, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք։ Այն կառուցել է ճարտարապետ Սահակ Հիզանցին՝ մասնակցությամբ «ուստա Մովսեսի», ծախսերը կատարել է Կոստանդնուպոլսի մեծահարուստ Անտոն Չելեպին։ Զանգակատան որմնանկարները կատարել է Ջաքարե ոսկերիչը։ 1682թ.-ին արևելյան, հյուսիսային, հարավային աբսիդներին դրվել են փոքրիկ զանգակատներ։ 1869թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարին արևելքից կցվում է եռադահլիճ թանգարանի շենքը։ XIXդ. վերջին վերափոխվել են տաճարը շրջապատող աստիճանները։ 1955թ.-ից տաճարի դրսում և ներսում խոշոր շինարարական աշխատանքներ էր ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը։

Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները կատարվել են հնում, վերանորոգվել XVIIIդ.։ Զանգակատունը 1664թ.-ին նկարազարդվել է Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ։ 1712-21թթ.-ին Էջմիածնի Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (XVIIIդ. 1-ին կես) և Հովնաթան Հովնաթանյանը (XVIIIդ. 2-րդ կես): Վերջինս իր աշակերտների հետ նկարազարդել է տաճարի ներսը, ստեղծել Հին Կտակարանի և ավետարանական թեմաներով նկարներ, ինչպես նաև հայ պատմական գործիչների դիմանկարներ: Էջմիածնի Մայր տաճարի համար նկարներ են կատարել նաև Մկրտում և Հակոբ Հովնաթանյանները (XIXդ.): 1956թ.-ին Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները վերանորոգվել են (Լ.Ս.Դուռնովոյի գլխավորությամբ): Տաճարի գեղարվեստական ձևավորման մեջ զգալի տեղ են գրավում կիրառական արվեստի զանազան իրեր, այդ թվում՝ ավագ խորանի ասեղնագործ վարագույրը, Մադրասի հայերի (1721թ.) և Հռոմի պապի (1967թ.) նվիրաբերած պատրիարքարանները: Դռների փայտի փորագրությունները կատարված են 1888թ.-ին, Թիֆլիսում:

«էջմիածնատիպ» կառույցները VIII-IXդդ. տարածվեցին Եվրոպայում, երբ Պավլիկյանների շարժումը հատկապես Արևմտյան Հայաստանում հալածվում էր բյուզանդական կայսրերի կողմից (Լևոն III-ից մինչև Թեոդորա կայսրուհին)։ Պատկերամարտությունը սկիզբ դրեց պավլիկյանների զանգվածային գաղթին Բալկաններ, Կիևյան Ռուսիա, Արևմտյան Եվրոպա, մինչև Ֆրանսիա, Իսպանիա։ Այդ շրջանում Ֆրանկների պետությունը ապրեց մշակութային վերածնունդ, ստեղծվեցին կառոլինգյան արվեստի նշանակալից գործերը. կառուցվեց հայ ճարտարապետությունից և բյուզանդական զարդարվեստից ներշնչված Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը (ավարտվել է 806թ.-ին), նրա նմանությամբ՝ Քյոլնի Ս.Գեդեոնը (ավերվել է 1940թ.-ին), Ֆուլդայի Ս.Միքայելը (787թ., խիստ վնասվել է 1945թ.-ին) և Ժերմինյի-Դե-Պրեն, որը կրած վերափոխություններով հանդերձ (հատկապես 1869թ.-ի), մնում է Կառլոս Մեծի շրջանից անաղարտ պահպանված գրեթե միակ եկեղեցին։ Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում նաև Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (836թ., Լուար-Ատլանտիկ, Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (IXդ., Բրուժ, Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (859թ.)։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ