Հառիճավանք վանքային համալիր

Շիրակ
Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցին` 1201 թ.:

Հառիճում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճաններն, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։ Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը. բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր` վերին մասում խաչ` դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լասամուտները անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում` պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը` ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը։

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. Xդ. շերտեր։

Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով։ Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ։ Բնակատեղիի մոտ գտնվում է Հառիճի դամբարանադաշտը` մոտ 3 քառ. կմ տարածքով։ Տեղ-տեղ զանազանվում են դամբարանների արևմուտքից-արևելք ձգվող շարքերը։ Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն` տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով։ Դամբարանափոսերը տարբեր ձևերի են` ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուններով, 0,7-1,85մ բարձրությամբ քարահողային լիցքով։ Թաղումները` հիմնականում միայնակ, առանձին դեպքերում` զույգերով։ Հառիճում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է, կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդանված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։ Հառիճից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ և այլն։

Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ և այլն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ