Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։
Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարաններ։
Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատուն և սյունասրահ։
Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։
Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.-ին։
Վանքի սեղանատունը (XIIIդ.) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։
Սրահավոր միանավ եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։
Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերում։ Գլխավոր մուտքը սրահավոր թաղակապ բացվածք է` կիսագլանաձև զույգ աշտարակներով։
Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդությունն» է և սրբազանները, բեմի պատերին` մարգարեները։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Աբսիդի գմբեթարդում «Դեիսուսն» է, նրա տակ` «Հաղորդությունը», ցածի շարքում` սրբազանները։ Արևմտյան պատին և հյուսիսային պատի ցածի շարքում պահպանվել են պատվիրատուների դիմանկարները։ Հյուսիսային պատի պատվիրատուների նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։
Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են։
2006թ. սկսվել են վանքի վերանորոգման աշխատանքները: