Վանքը կառուցել է Մանուել Ամատունի իշխանը VI դ. վերջին և VIIդ. սկզբին: Եկեղեցին իր չափսերով շատ մեծ է և հարուստ է ճարտարապետական առանձնահատկություններով:
606թ.-ին Պտղնավանքի ներկայացուցիչ Իսրայելը ստորագրել է Հայաստանի եպիսկոպոսների ու վանահայրերի միությունը հաստատող փաստաթուղթը:
Եկեղեցին ունի զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Ունի բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով հարուստ հարդարանք: Եզակի է սափորների քանդակաշարով քիվը: Հարավային շքամուտքի կամարի կենտրոնում Աստվածածնի պատկերաքանդակն է` երկու կողմերում հրեշտակներով: Քանդակից աջ և ձախ երեքական առաքյալների դիմաքանդակներն են. մյուս վեցը հավանաբար եղել են արևմտյան շքամուտքի վրա:
Հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասին առյուծին նետահարող, քառատրոփ սլացող ձի հեծած Մանուել Ամատունու քանդակն է: Զարդակամարի աջ կողմում` առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին (Մանուելի որդին): Հյուսիսային ճակատի լուսամուտների կամարակալներին մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ շարժման մեջ պատկերված են զանազան թռչուններ: Ուշագրավ է արմավենու տակ նստած առյուծի քանդակը:
Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարի հայկական արվեստի արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են: