Շատին գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատին անապատ) համալիրը:
Ըստ Ստ.Օրբելյանի վանքը հիմնադրվել է 929թ.-ին։ Այդ ժամանակաշրջանից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։ Ներկայիս եկեղեցին՝ Ս.Սիոն եռանավ բազիլիկը, որ վանքի պարսպապատ տարածքի կենտրոնում է, կառուցվել է 1655թ.-ին, ջուղայեցի Մահտեսի Հակոբի միջոցներով։ Եկեղեցու արևմտյան կողմում եռակամար գավիթ-սրահն է (այժմ՝ քանդված)։ Հարավային պարսպին, որն ունի երեք կիսաշրջանաձև աշտարակ, կից է բնակելի սենյակների երկհարկ շարքը։ Տնտեսական շինությունները՝ ախոռը, գոմը, ձիթհանը, համալիրից դուրս են, արևմտյան դարպասի մոտ։ Շատինը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ուր ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Տնտեսական հզորությանը նպաստել են սերտ կապերը Գողթան գավառի, հատկապես Ջուղայի հետ։
Վանքն ունեցել է ջրաղաց, ջրանցք, կամուրջ («Ծատուրի կամուրջ»)։ Վերջինս կառուցվել է 1666թ.-ին, Եղեգիս գետի վրա (կամարի 11,7 մ թռիչքով և մոտ 8մ բարձրությամբ, այժմ պահպանվել է արևմտյան՝ աջափնյա խելը)։