Սրբանեսի վանքի (Ս.Հովհաննեսի վանք, կամ Հովհան Օձնեցու վանք) համալիրը (VIII-XVIIդդ.) գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիս-արևմտյան եզրին։ Բաղկացած է ոչ մեծ երկու եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից։
Եկեղեցիները երկթեք կտուրով միանավ թաղակապ դահլիճներ են, հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը մուտք է ունեցել նաև արևմուտքից (ներկայումս փակված է)։ Բեմին կից է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի երկթեք սալով ծածկված քարարկղային դամբարանը։ Արևմտյան պատին հետագայում կցվել է ոչ մեծ խորության թաղակապ սրահ։
Հարավային դահլիճի մուտքը հարավից է, հատակը պատած է տապանաքարերով։
Սրբանեսի վանքը առնված է անկանոն շրջագծով ոչ բարձր պարսպի մեջ։
Արևմտյան բարձրադիր մասում միջնադարյան գերեզմանոց է՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։
Այստեղ է նկարահանվել հռչակավոր հայ ռեժիսոր` Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: