Հայկական լեռնաշխարհի ծայր արևմուտքում գտնվել է Թորգոմի տուն կամ Թեգարամա պետական կազմավորումը, որին բախտ էր վիճակված կարևոր դեր խաղալու հայ ժողովրդի կազմավորման գործում։ Նրա մասին տեղեկությունները գալիս են դեռևս Ք.ա. II հազարամյակի սկզբներից։ Նրանից դեպի հյուսիս-արևելք գտնվում էր Հայասա կամ Հայասա-Ազզի թագավորությունը (Ք.ա. XV-XIII դդ.), որն անմիջականորեն սահմանակցում էր Խեթական պետությանը։ Պետական այս կազմավորումը եղել է հայկական իշխանություններից մեկը, որը կարող էր մարտադաշտ դուրս բերել 700 մարտակառք և 10 հազար հետևակ զինվոր։ Բնակչությունն զբաղվում էր հիմնականում երկրագործությամբ և խաշնարածությամբ։ Սկսել էին զարգանալ արհեստները։ Հայասայի կենտրոններից էր Կումախան (հետագայում՝ Անի-Կամախ), որտեղ գտնվում էր հայոց թագավորների դամբարանը։
Խեթական թագավորները հաճախ են պատերազմել Հայասայի դեմ, բայց չեն կարողացել վճռական հաղթանակ տանել նրա նկատմամբ։ Ք.ա. XIV դարի սկզբներին Հայասան երկու անգամ հարձակման ենթարկվեց խեթերի կողմից, սակայն կարողացավ պահպանել իր անկախությունը։
Հայասայից հարավ ընկած էր Սուխմու երկիրը, իսկ Թեգարամայից հարավ՝ Մելիդ երկիրը և քաղաքը (ներկայումս՝ Մալաթիա)։ Սրանց հարևաններն էին հարավից Խաթե երկիրը և արևելքից Իսուվան կամ Ծուփանին (Ծոփքը)։ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում էին գտնվում Արմե և Ուրմե նույնպես հայկական իշխանությունները։
Վանի թագավորության շրջանում (IX-VII դդ.) Այրարատյան դաշտում և նրանից հյուսիս տարածվում էր Էթիունի պետական կազմավորումը, որը ներառում էր նաև Սևանա լճի ավազանը։ Միության մեջ մտնում էին ավելի քան քսան ցեղեր, իսկ նրա բնակիչների կենցաղի մասին պատմում են Սևանի ափին՝ Լճաշենում, պեղված դամբարանների հարուստ նյութերը՝ զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն։ Նրա կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որի տարածքի վրա ներկայումս գտնվում է մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը։