Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի Ա-ի որդի Սարդուրի Բ–ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։ Ինչպես իր նախնիները, Սարդուրի Բ-ն էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը, Ջավախքի տարածքը և Աղստևի ավազանը։ Սարդուրի Բ-ն ոչ միայն կարողացավ վերստին հնազանդեցնել Մելիդի թագավորությունը և այն ծանր հարկի տակ դնել, այլև՝ Եփրատի հոսանքով շարժվելով հարավ, հաստատվել Սիրիայի նշանակալից մասում։ Հաստատվելով Բաբելոնի հարակից շրջաններում (Բաբիլու երկիր)՝ նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։
Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանյան գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար Գ-ն, որ կարողացել էր ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը, շարժվելով առաջ, մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։