Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Հայաստանը: Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները: Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը:
Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Հայաստանը փոթորկվում էր: Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Հայաստան և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից:
Ք.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր: Արտաշես Բ-ն (Ք.ա. 30-20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ: Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ: Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Հայաստանում գտնվող հռոմեացիներին: Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: