Հելլենիզմի դարաշրջանում բուռն զարգացում ապրեց քաղաքաշինությունը: Կառուցվում էին նոր քաղաքներ և ընդարձակվում էին հները: Նշված ժամանակաշրջանում մենք հանդիպում ենք մի քանի տասնյակ քաղաքների, որոնցից առավել նշանավորներն ու ամենախոշորներն էին Տիգրանակերտը և Արտաշատը: Արտաշես Ա-ի պատվերով նախապես կարթագենյան զորավար Հաննիբալը ստեղծում է քաղաքի հատակագիծը, և այնուհետև սկսվում են շինարարական աշխատանքները: Հայկական մայրաքաղաքն այնքան էր աչքի ընկնում իր մեծությամբ, հարստությամբ ու պարիսպների ամրությամբ, որ հռոմեացիներն, ինչպես նշել ենք, այն անվանել են Հայկական Կարթագեն: Արտաշատը կառուցվել է մի քանի բլուրների վրա, որոնցից իննի վրա գտնվել է հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդը: Պեղումների ժամանակ հայտնաբերված մարմարե և կավե արձանները, զենքն ու զրահը, գործիքները, ոսկուց ու արծաթից պատրաստված զարդերը վկայում են քաղաքային արհեստների բարձր զարգացածության մասին, հավաստում են մշակութային բարձր մակարդակը: Տիգրանակերտի, որի տեղադրությունը վերջնականապես ճշտված չէ, պարիսպները, հասարակական գեղեցկատես շենքերը, պալատները, թատրոնը, թագավորական դղյակն ու պարտեզը վառ գույներով նկարագրել են օտար պատմիչները:
Մեծ զարգացում ապրեց ամրոցաշինությունը: Հայ ամրոցաշինության գոհարներից է Գառնի ամրոցը, որը եղել է հայոց թագավորների ամառանոցը: Այն շրջապատված է եղել ամրակուռ հզոր պարիսպներով, որոնք մինչև օրս էլ պահպանվել են: Գառնին ունեցել է արքունի պալատ և հեթանոսական տաճար: Վերջինը վերականգնվել է XX դարում: Պարիսպները կազմված են մեծամեծ տաշած քարերից, որոնք իրար են ագուցվել երկաթի կեռերով: Պարիսպներն ունեցել են երկու մետրից ավելի լայնություն և տասը մետր բարձրություն, որոնք ամրացված են եղել հուժկու աշտարակներով: Գառնիում Տրդատ Ա-Արտաշեսը թողել է հունարեն արձանագրություն, որը հայտնաբերեց նկարիչ Մ.Սարյանը գյուղական գերեզմանոցում: Արքունի պալատի հարևանությամբ գտնվել է բաղնիքը՝ իր սառը, գոլ և տաք բաժանմունքներով: Ջուրը տաքացվել է ստորգետնյա վառարաններով: Բաղնիքի հանդերձարանի հատակին պահպանվել է մի մեծ գունազարդ խճանկար՝ պատրաստված Ազատ գետի քարերից:
Մեզ հասած հայկական հեթանոսական ճարտարապետական հուշարձաններից ամենագեղեցիկը և կատարյալը Գառնիի տաճարն է, որը նույնպես կառուցվել է Տրդատ Ա-ի կողմից: Տաճարը հիշեցնում է հունա-հռոմեական տաճարային կառույցները, չորս կողմից շրջապատված է 24 սյուներով, զարդարված է շքեղ քանդակներով: Դրանք պատկերում են մարդկային կերպարանքներ, խաղող, նուռ, առյուծի գլուխ: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Հարկ է նշել, որ Գառնիի տաճարը շատ է հիշեցնում Մուծածիրի մեհյանը, ունի հայկական ճարտարապետությանը հատուկ մի շարք գծեր, իսկ քանդակները կրում են տեղական հնամենի ավանդույթների կնիքը: Հայաստանում գոյություն են ունեցել Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ և այլ աստվածներին նվիրված բազմաթիվ տաճարներ՝ աստվածների արձաններով, սակայն, ցավոք, դրանք չեն պահպանվել կամ դեռևս չեն հայտնաբերվել:
Գառնիում և Արտաշատում գտնվել են մարմարյա արձաններ, որոնցից նշանավոր է Արտաշատում գտնված կանացի արձանը: Արևմտյան Հայաստանում գտնվել է Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը, որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Նկարչության բացառիկ օրինակ է Գառնիի բաղնիքի խճանկարը, որն աչքի է ընկնում գույների գեղեցիկ զուգորդումներով: Խճանկարի կենտրոնում օվկիանոսն է ու ծովը՝ տղամարդու և կնոջ տեսքով՝ շրջապատված ծովային կենդանիների և ձկների պատկերներով: Ինչպես ցույց են տալիս պեղումների նյութերը, Արտաշատի քաղաքացիների տները զարդարել են երաժիշտների, ձիավորների, մոր և մանկան ու այլ բազմաթիվ կավե արձանիկներ:
Արվեստի իսկական գործեր են Արտաշիսյան թագավորների հատած դրամները: Իրենց բարձրաքանդակով ու գեղեցկությամբ առանձնանում են հատկապես Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի դրամները՝ թագավորների պատկերներով: Հայոց թագավորները դրամների վրա թողել են իրենց անունները հունարեն գրությամբ, իսկ հակառակ երեսին պատկերել են աստվածներ, կենդանիներ և այլն: