Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության:
Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան: