Արաբական տիրապետության դեմ սկսված նոր հուժկու ապստամբության պատճառը հարկային լծի սաստկացումն էր ու ժողովրդի դաժան կեղեքումը: Ապստամբությանը միացան նախարարական գրեթե բոլոր տոհմերը: Այն սկսվեց 774թ., երբ Արտավազդ Մամիկոնյանը Դվինում համոզեց արաբ ոստիկանին, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ և ստացավ սպառազինություն: Շարժվելով Կումայրի՝ նա սպանեց արաբ հարկահաններին, խլեց հավաքած հարկերը, սակայն արաբների ճնշման ներքո հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Սկսված ապստամբության գլուխ անցավ Մուշեղ Մամիկոնյանը: Նա, հաստատվելով Արտագերս անառիկ ամրոցում, մի քանի անգամ պարտության մատնեց Կարինից և Դվինից իր դեմ ուղարկված արաբական զորամասերին: Այդ հաջողությունների շնորհիվ ապստամբների թիվը կտրուկ աճեց և հասավ շուրջ հինգ հազարի: Նրանց միացավ նաև Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, որի շնորհիվ ապստամբության վարկը բարձրացավ: Հայերը որոշեցին գրավել բյուզանդական սահմանագլխին գտնվող Կարին քաղաքը, ուր տեղակայված էր արաբական մի մեծ կայազոր: Նրանք 774-775թթ. ձմռանը պաշարեցին քաղաքը և քարանետ մեքենաներով մեծ վնաս հասցրին հակառակորդին: Շարժումն այնպիսի թափ էր առել, որ Դվինում եղած արաբական ուժերը չհանդգնեցին օգնել Կարինում պաշարված յուրայիններին: Նրանք սպասում էին մայրաքաղաքից պատժիչ ուժերի ժամանելուն:
775թ. գարնանը գերազանց զինված արաբական 30-հազարանոց պատժիչ բանակը մտավ Հայաստան և հաստատվեց Խլաթում: Հայ ապստամբների մի մասը որոշեց գրավել Արճեշը: Նրանք շարժվեցին Արճեշ, որի մոտակայքում թշնամին դարանակալել էր: Հակառակորդի հանկարծակի հարձակումն ավարտվեց հայ նախարարական գնդերի և մարտական փորձ չունեցող աշխարհազորայինների ծանր պարտությամբ: Նրանց մի մասը խեղդվեց Վանա լճում: Զոհվեց շուրջ 1500 հոգի:
Կարինը պաշարածները Արճեշում իրենց զինակիցների կրած անհաջողությունից հետո հարկադրված էին վերացնել քաղաքի պաշարումը: Նրանք կարող էին անցնել Բյուզանդիայի սահմանը կամ էլ թշնամու դեմ կռիվը շարունակել մինչև վերջ: Ապստամբներն ընտրեցին երկրորդ ուղին և Կարինից շարժվեցին Բագրևանդ գավառ ու բանակ դրեցին Արձն գյուղի մոտ: Այստեղ 775թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ վճռական ճակատամարտը: Հակառակորդը հայերին գերակշռում էր ոչ միայն թվով, այլև սպառազինությամբ: Սկզբում հայերը սրընթաց գրոհով մեծ ջարդ տվեցին արաբներին, բայց նրանց թվական գերակշռությունն իր դերը խաղաց: Նեղ դրության մեջ ընկած հայերը միմյանց քաջալերում էին հետևյալ խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստուծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը...»: Արաբները հետ մղեցին հայերի անձնազոհ գրոհը և հակահարձակմամբ հաղթանակի հասան: Հայ ռազմիկներից շատերն ընկան հերոսի մահով: Նրանցից զոհվեցին ավելի քան երեք հազարը: Զոհվածների մեջ էին ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ ուրիշներ: Արձնի ճակատամարտը մեկ անգամ ևս ցույց տվեց հայ ժողովրդի ազատասեր ու անկոտրում ոգին:
774-775թթ. համաժողովրդական հուժկու ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը: Սակայն ապստամբության ճնշման և հետագա հալածանքների հետևանքով նախարարական շատ տներ խիստ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե իսպառ վերացան: Նրանց տիրույթներին փորձեցին տիրել արաբ ամիրաները, որոնց էապես խանգարեցին Բագրատունիները: Մամիկոնյանների և Բագրատունիների երկարատև մրցակցությունն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, որոնք իրենց ճկուն քաղաքականությամբ նախապատրաստեցին Հայաստանի անկախության վերականգնումը: Հենց այս ապստամբությունից հետո էր, որ Հայաստանում արաբական ցեղերի վերաբնակեցումները զանգվածային բնույթ ձեռք բերեցին: