Դիոկղետիանոս կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը բավականին հզորացավ: Երկիրն սկսեց վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: 287թ. հռոմեական օգնությամբ հայկական գահին վերահաստատվեց Տրդատ Գ Մեծը (իշխել է մինչև 330թ.):
Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից: Քրիստոնյա քարոզիչները՝ ի դեմս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը:
Տրդատ Գ-ն սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին: Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր պսակներ դնել Անահիտ աստվածուհու արձանին:
301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս:
Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հայ հասարակության մեջ:
Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանի վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Հայտնի է, որ 311թ. նա ծանր պարտության մատնեց Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակներին: