Վաղ միջնադարի հայ մատենագիրների երկերում բժշկության և բժիշկների մասին պահպանվել են բազմաթիվ տեղեկություններ: Դրանցում խոսվում է զարկերակի միջոցով հիվանդությունները ճանաչելու մասին, տեղեկություններ կան մարդու զգայարանների (աչքերի, ականջների, հոտառության) և ներքին օրգանների (սրտի, թոքերի, երիկամների) կառուցվածքի ու դերի մասին: Հետևելով Հիպոկրատին, Եղիշեն գրում էր, թե բժիշկը հարուստ և աղքատ չպիտի տարբերի. «Բժշկի համար կարևոր չէ, թե հիվանդի անկողինը ոսկեղեն է, թե հնամաշ, նա զննում է հիվանդի ողջ մարմինը, թե արդյո՞ք տաքություն չունի, կամ թե սիրտը հանդարտ է տրոփում, և կամ լյարդը կակո՞ւղ է արդյոք, և կամ երակների զարկերը հարմա՞ր են: Եվ ըստ այնմ դեղեր է տալիս՝ հիվանդներին առողջություն պարգևելով»:
Հայ բժշկագիտությունը մեծապես հարստացավ հույն և հռոմեացի, ինչպես նաև այլ հեղինակների բժշկագիտական գործերի թարգմանությամբ, որի շնորհիվ հատկապես անտիկ բժշկության գիտելիքները տարածվեցին Հայաստանում: