Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ:
Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին:
Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:
Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր որոշակի խոստումներ տալ:
1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը:
Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք սակայն նույնպես վերջանում են անհաջողությամբ:
Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան: