Հայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները: Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին:
18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել: 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում: Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում:
1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում: Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին: Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին:
Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:
Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու: