Հայաստանը XIX դարի առաջին կեսինՌուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմըՌազմական գործողությունների ընթացքը

Ռազմական գործողությունների ընթացքը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ