1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ ղեկավարությունը։ Լճացման տարիների ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ նախագահ։
Երկիրը կանգնած էր արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։
Վերակառուցման սկզբնական շրջանում շեշտը դրվեց աշխատանքային կարգապահության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու, քաղաքական բարենորոգումների վրա։ Բայց այս ուղղություններով ձեռնարկված միջոցառումները ձախողվեցին։
Վերակառուցման ընթացքում իրականացվող բարենորոգումների անկատարությունը, ոչ արմատական ձեռնարկումները հանգեցրին ճգնաժամային վիճակը խորացնող բարդ ու հակասական գործընթացների։ Սոցիալ-տնտեսական ոլորտում ճգնաժամն ավելի խորացավ։
Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցեր և առավելապես ազգային խնդիրը շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների, տարբեր ժողովուրդների ու ազգերի։
Եղած ընդհանուր դժվարություններին Հայաստանում գումարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, շրջափակումը, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները, բնապահպանության սրված հիմնախնդիրները։ Այս ամենը Հայաստանի առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական կացությունը դարձրին աղետալի։