Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ զուտ սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող խնդիր։ Ահա թե ինչու 1988թ. մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվեց 400 մլն ռուբլի գումար՝ մարզում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հիմնահարցերը լուծելու համար։ Ադրբեջանի ղեկավարությունը այդ գումարը օգտագործեց մարզի ադրբեջանական բնակավայրերում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Գնալով շարժումը մեծ ծավալներ էր ընդունում։ Հանրահավաքներին ու ցույցերին զուգընթաց՝ հանրապետությունում և Արցախում սկսվեցին զանգվածային գործադուլներ։ Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծել Ղարաբաղի հիմնահարցը, տալ սումգայիթյան եղեռնագործության քաղաքական գնահատականը, Հայաստանի իշխանություններից պահանջում էր ընդառաջ գնալ ԼՂԻՄ-ի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը։
1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը համաձայնություն տվեց մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն և հարցը դրականորեն լուծելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին։ Վերջինիս նախագահության նիստին մասնակցում էին Հայաստանի, ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Այստեղ հայ ժողովրդի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը, Ս. Համբարձումյանը, գրող Վ. Պետրոսյանը, Հ. Պողոսյանը և ուրիշներ իրենց ելույթներում դատապարտեցին սումգայիթյան ոճրագործությունը և առաջ քաշեցին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու անհրաժեշտությունը։ Սակայն ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը հուլիսի 18-ի նիստում մերժեց ԼՂԻՄ մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները։
1988թ. մայիսին Երևանում ստեղծվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե», որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և ուրիշներ։ Կոմիտեն իր ձեռքը վերցրեց շարժման կազմակերպումը և ղեկավարումը։
Շարժումը ղեկավարելու համար Արցախում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն։
1988թ. օգոստոսին հանրապետության Գերագույն խորհրդի մասնակի ընտրությունների արդյունքում Ղարաբաղյան շարժման մի շարք ղեկավարներ՝ Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ դարձան պատգամավորներ։ Նորընտիր պատգամավորները նկատելի ազդեցություն ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի հետագա գործունեության վրա։
1988թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց այն մասին, որ միութենական իշխանությունների որոշումները հանրապետությունում կգործեն միայն այն դեպքում, երբ դրանք հավանության կարժանանան Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից։
Կենտրոնը մերժեց այդ որոշումը և Երևանում մտցրեց հատուկ դրություն ու պարետային ժամ։ Արգելվեց հանրահավաքների և ցույցերի կազմակերպումը։
Արցախյան շարժման ընթացում հայ ժողովուրդը կորցրեց կոմունիստական կուսակցության հանդեպ ունեցած հավատը, իսկ ԽՍՀՄ-ում տեղի ունեցող ազգային խմորումները մոտեցնում էին այդ պետության վախճանը։
Հանրապետություններում ազգային շարժումները ղեկավարում էին ժողովրդի վստահությունը վայելող կազմակերպությունները։
Հայաստանում ազգային շարժման ղեկավարությունը ստանձնեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հիմքի վրա 1989 թ. Նոյեմբերին առաջացած «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կազմակերպությունը։