Դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին՝ 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո ողջ սփյուռքահայությունը շտապեց օգնության հասնել աղետից տուժած բնակչությանը։ Սփյուռքի օժանդակությունը հիմնականում մարդասիրական օգնության ձև էր կրում՝ սննդամթերքի, հագուստեղենի, բժշկական սարքավորումների ու դեղորայքի առաքում և այլն։ Հայաստանի անկախացումից հետո, երբ երկիրը հայտնվեց համընդհանուր ճգնաժամի մեջ, սփյուռքի օգնությունը ծառայեցվեց հիմնական խնդրի՝ Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Սկսվեց ավանների, հիվանդանոցների, դպրոցների, ճանապարհների կառուցում, համատեղ ձեռնարկությունների հիմնում, գործարանների վերագործարկում և այլն։ Այդ ծրագրերը իրագործվում են ինչպես կազմակերպությունների («Հայաստան» հիմնադրամ, ՀԲԸՄ, Լինսի հիմնադրամ, Հայաստանի օգնության ֆոնդ, ՀՕՄ, «Ազնավուրը Հայաստանին» և այլն), այնպես էլ անհատ բարերարների նախաձեռնության և ֆինանսավորման շնորհիվ։
Հայաստանի անկախացումից հետո ՀՀԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն հնարավորություն ստացան վերսկսել իրենց գործունեությունը Հայաստանում։ Պետության գոյության առաջին տարիներին երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իշխանությունների և ընդդիմության տարաձայնությունները ընդունեցին կոշտ հակադրության ձև։ Այդ արտահայտվեց ՀՀԴ գործունեության կասեցումով, Հայաստանի ՌԱԿ-ի պառակտումով։ Միաժամանակ այդ հակադրությունը ընթացավ հենց սփյուռքում, ինչը, բնականաբար, էլ ավելի խորացրեց հակասությունները սփյուռքի համապատասխան շրջանակների և ՀՀ ղեկավարության միջև։
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության հարաբերությունները սփյուռքի հետ գնալով խորանում են՝ մի կողմից ավելի շոշափելի դարձնելով սփյուռքահայերի մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ նոր լիցք հաղորդելով սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման գործին։ Հայ ժողովրդի երկու հատվածները համախմբելու, նրանց միջև հարաբերությունները առավել արդյունավետ և փոխշահավետ դարձնելու նպատակով Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ 1999 թվականից սկսած Երևանում կազմակերպվում են Համահայկական մարզական խաղեր, ինչպես նաև «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովներ, որոնց մասնակցում են սփյուռքի բոլոր համայնքների պատվիրակությունները։