Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական ոռոգման շնորհիվ աճեցվում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։ Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։ Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ նշանավոր են եղել Շիրակը, Բագրևանդը, Տարոնը, Սևանի ավազանը, Երզնկայի և Խարբերդի դաշտերը։ Հայաստանը եղել է վայրի ցորենի նախահայրենիքներից մեկը, իսկ «Աշխարհացոյց» («Աշխարհացույց»–ը աշխարհագրական երկ է, որն ստեղծվել է V դարում Մովսես Խորենացու կողմից։ Որոշ հեղինակներ այն վերագրում են Անանիա Շիրակացուն (VII դար)) հիշատակում է ինքնաբույս, այսինքն՝ վայրի, գարին, բամբակը և այլն։
Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, այսօրվա հետ համեմատած, նրանք շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, մի տեսակ օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով եզրային և միայն տեղ-տեղ կենտրոնական շրջանները։ Անտառներում առավել տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին, սոճին և այլն։ Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Աղձնիքի, Կորճայքի անտառներում ամենուրեք հանդիպում են վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հայաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ կլիմայական պատճառներով գործնականում բացակայում են անտառները, Խոսրով Բ Կոտակի և ուրիշների օրոք տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը ներկայումս վերածված է պետական արգելոցի։
Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, նապաստակը, կինճը (վայրի խոզ), վիթը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը և այլն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը, կաքավը, բադը, սագը, լորը և այլն։ Մարդու գործունեության հետևանքով բավականին կրճատվել է կենդանական աշխարհը։ Սեպագիր աղբյուրների համաձայն՝ հեռավոր ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացույց»–ում։
Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Հայտնի է, որ Աքեմենյանների շրջանում Հայաստանը պարսից արքունիքին էր հանձնում որպես հարկ տարեկան 20 հազար ձի։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Արարատյան դաշտում բազմացող որոշակի տեսակի որդից պատրաստում էին որդան կարմիր կոչվող ընտիր ներկ, որն արտահանվում էր տարբեր երկրներ։