Միասնական Հայաստանի թագավորությունը, որ տարածվում էր Կուրի և Երասխի ջրկիցից մինչև Կեսարիա կամ Մաժակ քաղաքը, Ք.ա. IV դարում բաժանվեց երկու քաղաքական միավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների։ Ք.ա. III դ. կեսերին Մեծ Հայքի թագավորությունից առանձնացավ Ծոփք-Կոմագենեի թագավորությունը, որն իր հերթին բաժանվեց Ծոփքի և Կոմագենեի թագավորությունների։ Արտաշես Ա-ի (Ք.ա.189-160 թթ.) օրոք մարերից Փայտակարան-Կասպքի և հարևան երկրամասերի գրավումով և Տիգրան Բ Մեծի (Ք.ա.95-55 թթ.) կողմից Ծոփքի վերամիավորումով վերջնականապես ձևավորվեց Մեծ Հայքի տարածքը։ Վերջինս, հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի նկարագրության համաձայն, բաժանված էր 20, իսկ ըստ «Աշխարհացոյց»–ի՝ 15 աշխարհների կամ նահանգների։ Դրանք էին Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ աշխարհները; Յուրաքանչյուր աշխարհ բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 200։ Մեծ Հայքի թագավորությունն ուներ շուրջ 330 հազար քառ. կմ տարածք, սակայն ավելի ուշ, կրճատվելով, կազմեց մոտավորապես 300 հազար քառ. կմ։ Եփրատ գետից արևմուտք տարածվում էր Փոքր Հայքի թագավորությունը, որի տարածքը, ամենաընդարձակ ժամանակաշրջանում, իր մեջ ներառում էր 80 հազար քառ. կմ։
Հայկական լեռնաշխարհը կապող օղակ էր Արևելքի և Արևմուտքի միջև։ Նրա վրայով անցնում էին Առաջավոր Ասիայի (Առաջավոր Ասիա է կոչվում Մերձավոր և Միջին Արևելքի ներկայիս տարածաշրջանը, որի մեջ մտնում են Հայաստանը, Թուրքիան, Իրանը, Սիրիան, Իրաքը և այլ երկրներ) առևտրական և ռազմական մայրուղիներից երկուսը, որոնց խաչմերուկում ընկած էր Մեծ Հայքի թագավորության Արտաշատ մայրաքաղաքը։ Հայաստանը կապող օղակ էր նաև Միջերկրածովյան ավազանի, Միջագետքի և Կովկասյան երկրների միջև։
Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ներառում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/13-րդ մասը՝ շուրջ 30 հազար քառ. կմ։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ ծնունդ առավ նաև հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ներառում է շուրջ 12,5 հազար քառ. կմ տարածք։ Հայաստանի Հանրապետությունը կազմված է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք աշխարհների տարածքի մի մասից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ են մտնում Արցախը գրեթե ամբողջությամբ, Սյունիքի նշանակալից մասը և Ուտիքի որոշ հատվածներ։