117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Այն կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով կոչվել է նաև Էջմիածին: Վաղարշ Ա-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով:
Նրա իշխանությունն ընդհատվեց 161 թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ կարճ ժամանակով նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն հռոմեացիները մի քանի տարի անց նրան վերահաստատեցին հայոց գահին: Նա կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում կամ «նոր քաղաքում», որը դրանից հետո վերածվեց պետության մայրաքաղաքի: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Կրկին ավերածության ենթարկվեց Արտաշատը, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:
Տիգրան Վերջինից կամ Սոհեմոսից հետո հայոց գահ բարձրացավ Վաղարշ Բ-ն (191-211): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալից գումար է հատկացնում հայոց թագավորին, նաև կալվածքներ նվիրում նրան Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով: 211թ. Վաղարշ Բ-ն զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում և նրան փոխարինեց Խոսրով Ա-ն կամ Մեծը, որը մեծ և հաղթական արշավանք կազմակերպեց նրանց դեմ: