Գյուղական բնակչությունը՝ շինականներ և գեղջուկներ, միավորված էր համայնքների մեջ: Վերջիններիս անդամներն սկզբում օգտվում էին հավասար իրավունքներից: Համայնքը ղեկավարելու համար գյուղի առավել ազդեցիկ ու հեղինակավոր անձնավորությունն ընտրվում էր գյուղի ավագ կամ գեղջավագ: Հողը բաժանվում էր ըստ երդերի շնչերի՝ հավասար չափով: Հարկերը նույնպես գանձվում էին յուրաքանչյուր շնչից հավասարապես: Համայնքի համար կարևորություն ներկայացնող բոլոր խնդիրները լուծում էր համայնքի անդամների ընդհանուր ժողովը: Համայնքի ընտանիքների շահագործմանը հանձնված հողերից բացի համայնքն ուներ ընդհանուր օգտագործման հողեր՝ արոտավայրեր, մարգագետիններ, որսատեղեր, անտառներ, ինչպես նաև ջրեր և լճակներ: Հետագայում, հասարակական հարաբերությունների զարգացման հետևանքով, համայնքն սկսեց շերտավորվել: Ժամանակի ընթացքում ուժեղացած ընտանիքներն աստիճանաբար յուրացնում էին համայնքի լավագույն մշակելի հողերը՝ մնացածներին թողնելով պակաս արգավանդ և անորակ հողերը: Հողաբաժանում կատարվում էր յուրաքանչյուր 15-20 տարին մեկ անգամ: Հողաբաժանման ենթակա չէին այգիները և բարելավման ենթարկված հողահանդակները: Աղքատ ընտանիքներն ստիպված էին վաշխով պարտք վերցնել հարուստներից իրենց գոյությունը պահպանելու համար, ինչը հաճախ ճակատագրական հետևանքներ էր ունենում նրանց համար:
Համայնքը չափից դուրս պահպանողական կառույց էր: Համայնքի գոյությունը ձեռնտու էր համայնական գյուղացիներին՝ նրանց իրավունքների պաշտպանության տեսակետից: Սակայն այն ձեռնտու էր նաև իշխանավորներին, բանի որ համայնքը համապարտ երաշխավորության սկզբունքով պետք է վճարեր բոլոր հարկերը նաև չունևորների համար: Չմոռանանք, որ այն ժամանակվա տեխնիկայի պայմաններում հողի մշակումը, առուների անցկացումը և ոռոգման ապահովումը պահանջում էին համայնքի բոլոր անդամների միասնական ջանքերը: Անհատ գյուղացին այդ անել չէր կարող: Ուստի բնավ էլ պատահական չէ ժողովրդական այն ասացվածքը, թե «գյուղը կանգնի՝ գերան կկոտրի»: Պետության կանոնավոր բանակի նշանակալից մասը և աշխարհազորը համալրվում էին գյուղական համայնքի անդամներով, այդ պատճառով պետությունն աշխատում էր ամրապնդել համայնքը և թույլ չտալ, որ նրա անդամները ուրիշ տեղ տեղափոխվեն:
Գյուղական համայնքների հողերը համայնական էին, և նրանց կողքին գոյություն ունեին մասնավոր տնտեսություններ: Այդպիսի տնտեսությունները, որտեղ մեծ մասամբ ստրուկներ էին աշխատում, կոչվում էին դաստակերտ, ձեռակերտ կամ ագարակ: Պետության ամբողջ տարածքը համարվում էր արքունի սեփականություն, չնայած արքունի պաշտոնեությանը ծառայության դիմաց տրված հողերը միտում ունեին վերածվելու մասնավորի և ժառանգականի: Մեծ դաստակերտները պատկանում էին թագավորներին, նրա ընտանիքի անդամներին, արքունիքի պաշտոնյաներին, տաճարներին ու զորահրամանատարներին: Փոքր ագարակները պատկանում էին տեղական պաշտոնյաներին և զինվորներին: Դաստակերտներում և ագարակներում հիմնականում արտադրվում էին երկրագործական մթերքներ՝ ցորեն, գարի և այլ հացահատիկներ, պտուղներ, բանջարաբոստանային կուլտուրաներ: Դրանց արտադրանքի որոշ մասը խաշնարածական էր, սակայն կային նաև զուտ անասնապահական տնտեսություններ:
Հարուստ և ուժեղ հողատերերը աշխատում էին իրենց ձեռքում կուտակել և յուրացնել նաև համայնական հողերի մի մասը: Արքունիքը փորձում էր խանգարել նման գործընթացներին, քանի որ դրանք պետության համար վնասակար էին: Համայնքները նրա տնտեսական հիմնաքարերից էին: Դեռևս Արտաշես Ա արքան ամբողջ երկրով մեկ հողաբաժան սահմանաքարեր կանգնեցրեց, որոնց միջոցով նա ուզում էր հստակորեն բաժանել համայնքների (գյուղերի) և մասնավոր տնտեսությունների (դաստակերտների ու ագարակների) հողերը: Նպատակը մեկն էր, պաշտպանության տակ առնել գյուղական համայնքները, որոնք պետությանը հարկ էին տալիս և համալրում բանակը:
Հին Հայաստանի հիմնական արտադրողներն ազատ գյուղացիներն էին: Սակայն նրանց կողքին կային և նշանակալից թվով ստրուկներ, որոնց մի մասը պարտային էր, իսկ մյուսները ձեռք էին բերվում պատերազմների շնորհիվ: Մովսես Խորենացին պատմում է, որ Արտաշես Ա-ն «բազմամարդեցրեց հայոց աշխարհը՝ բազմաթիվ ազգեր բերելով և բնակեցնելով լեռներում, դաշտերում և հովիտներում»: Միայն Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից ավելի բան կես միլիոն մարդ բռնագաղթեցվեց Հայաստան, որոնք բնակեցվեցին հիմնականում քաղաքներում: Բռնագաղթեցվածների որոշ մասը որպես ստրուկ օգտագործվում էր մասնավոր տնտեսություններում, հատկապես արքունի դաստակերտներում ու ագարակներում, ճանապարհների, ամրոցների և ջրանցքների շինարարության մեջ: