Վանի թագավորության անկումով Հայաստանի քաղաքային կյանքը ծանր հարված ստացավ: Քաղաքների մեծ մասն ավերվեց արդեն կիմմերական և սկյութական արշավանքների ժամանակ: Իրենց դիրքերը պահպանեցին փոքր թվով քաղաքներ, որոնց մեջ հելլենիզմի դարաշրջանում առանձնանում էին Վանը և Արմավիրը: Հելլենիզմի դարաշրջանն աչքի ընկավ քաղաքային կյանքի բուռն զարգացմամբ: Ծնունդ առան և բարգավաճեցին մի շարք մեծ ու փոքր քաղաքներ՝ դառնալով առևտրի ու արհեստագործության կենտրոններ: Նոր քաղաքների մեջ հիշատակության արժանի են Երվանդաշատը, Արտաշատը և Տիգրանակերտը: Նոր քաղաքները ծնվում էին ճանապարհային խաչմերուկներում և ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում: Քաղաքային բնակչությունը կազմում էր քաղաքային համայնքներ, որոնք պետությունից լայն ինքնավարություն էին ստանում: Քաղաքային բնակչությունը կազմված էր իշխանավորներից, արհեստավորներից, առևտրականներից և քաղաքային ռամիկներից կամ խաժամուժից: Քաղաքային բնակիչներն ազատված էին որոշ հարկերից: Առևտրի և արհեստների վերելքի շնորհիվ քաղաքները դարձան ոչ միայն դրամական շրջանառության կենտրոններ, այլև արքունիքի տնտեսական հիմքը: Քաղաքացիներն օգտվում էին ավելի լայն իրավունքներից, քան գյուղական համայնքների անդամները:
Քաղաքում իշխող դիրք ուներ միջնաբերդը, որի շուրջը տարածվում էր պարսպապատ բուն քաղաքը կամ շահաստանը, որտեղ կենտրոնացած էր առևտրական և արհեստավորական բնակչությունը: Այստեղ էր գտնվում այն աստծու տաճարը, որի հովանավորության տակ էր համարվում քաղաքը: Արտաշատի հովանավոր աստվածուհին Անահիտն էր, որի շքեղ տաճարը կառուցված էր մայրաքաղաքում: