Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:
Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի: