Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:
Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:
Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:
Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:
Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:
Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):
Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.: