Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»:
Ք.ա. 84 թ. հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք: Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի:
Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն 71 թվականին: Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ:
Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ: Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով: