Հայաստանը հին շրջանումՀայկական աշխարհակալ տերությունըՀայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ