Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին:
Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում:
Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար: «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»: Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել:
Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: