Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ:
Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Հայաստանի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը:
Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը: Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ:
Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևստանը: Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Հայաստանի անկախությանը: Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևստանը:
Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: